ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մեղավոր եք փնտրում` նայեք հայելուն»

«Մեղավոր եք փնտրում` նայեք հայելուն»
18.09.2009 | 00:00

«Իրավունք de facto» ակումբում
Երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբի հյուրն էր ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: Ներկայացնելով իր տեսակետները ներքին և արտաքին քաղաքական խնդիրների շուրջ` ընդիմադիր գործիչը պատասխանեց նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
-Այսօր կարևորագույն խնդիրը մեզ համար եղել և մնում է քաղբանտարկյալների ազատման հարցը: Տասնինը քաղբանտարկյալ ունենք այսօր Հայաստանում, և առաջնահերթ խնդիրը, ընդգծում եմ, նրանց ազատ արձակումն է:
Արտաքին քաղաքական ոլորտում Հայաստան-Թուրքիա հարաբերություններն են և նախաստորագրված արձանագրությունների հարցը: Նախատեսվում է այդ արձանագրությունները ստորագրել հոկտեմբերի 13-ին` ըստ թուրքական լրատվամիջոցների տեղեկատվության, որից հետո փաստաթղթերը կփոխանցվեն խորհրդարաններ: Այս փաստը մեզ համար շատ մտահոգիչ է, որովհետև կասկած չկա, որ Թուրքիայի խորհրդարանն ուղղակիորեն արձանագրությունների կիրառումը կկապի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ: Ակնհայտ է, որ Հայաստանի խորհրդարանը կանի այն, ինչ կհրահանգվի նախագահական նստավայրից: Անմիջապես կհաստատի, թե թատրոն կսարքի` կախված կլինի հրահանգներից: Եթե Թուրքիայի խորհրդարանում վարչապետ Էրդողանը հայտարարի, որ իր պատասխանատվությունն է, իր ծրագիրն է, կասկած չունեմ, որ խորհրդարանը քվեարկությամբ կհաստատի, բայց դա տեղի չի ունենա, կարծում եմ` Էրդողանն ուղղակի խորհրդարանին կասի, որ ուզում է իմանալ պատգամավորների կարծիքը և խորհրդարանի միջոցով Լեռնային Ղարաբաղի նախապայմանը, որպես Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և հատկապես սահմանի բացման նախապայման, գործի կդնի: Հայաստանի խորհրդարանը, կարծում եմ, գոնե կարձանագրի, որ իր ընդունած որոշումն ուժի մեջ է մտնում Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների հաստատումից հետո: Ցավոք սրտի, առայժմ քիչ են հնարավորությունները` այս գործընթացն ուղղելու կամ կանգնեցնելու համար, բայց երբ մոտենա Աժ-ում այդ հարցը քննարկելու պահը, լրագրողների միջոցով ես իշխանություններին մի առաջարկ կանեմ, որը նրանց համար դժվար կլինի մերժել:
Արտաքին քաղաքական ոլորտում հայ-թուրքական բարդ զարգացումներից, Լեռնային Ղարաբաղի գործընթացի ոչ ձեռնտու զարգացումներից բացի վերջերս Հայաստանի համար մի նոր, լրջագույն խնդիր է առաջացել` հայ-վրացական հարաբերությունների լարվածությունը, որ արդեն մեկ ամիս է տևում: Մեզ համար Վրաստանի հետ հարաբերություններն ունեն կենսական և ռազմավարական նշանակություն: Ըստ էության` մեր սնուցման երկու ուղիներից` Իրան և Վրաստան, Վրաստանը շատ ավելի կարևոր է, մենք մի երկիր ենք, որ չի կարող բացառել պատերազմի վտանգը, և, պատկերացրեք, պատերազմական իրավիճակում նման զարգացումների դեպքում ինչպես է լուծվելու բանակի սնուցման հարցը... Եթե այս իրավիճակում իշխանությունները չեն կարողանում վերջ տալ այս լարվածությանը, թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի ընդդիմությունը լուրջ անելիք ունի: Հայաստանն ու Վրաստանն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական ընդհանուր շահեր: Լրջորեն կարող են համագործակցել Հայաստանն ու Վրաստանը` «Նաբուկո» ծրագրի առնչությամբ: Թուրքիայի նետած խայծը, որ Հայաստանը կարող է «Նաբուկոյի» մաս դառնալ, ընդամենը կոնֆետ էր, որ ցույց տվեցին ու պահեցին, առայժմ նման հույսերի լուրջ հիմքեր չկան: «Նաբուկոյում» ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ, կարծում եմ, Եվրոպան լուրջ սխալ է գործում` երկու գազամուղ անցկացնելով Թուրքիայի տարածքով: Թուրքիայով պետք է անցնի Ռուսաստանից եկող գազը. «Հարավային հոսք» ծրագրի պայմանավորվածությունը օգոստոսի 6-ին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետերը ձեռք բերեցին, դա նշանակում է, որ Ռուսաստանից Ուկրաինայով Եվրոպա գնալիք գազը ծրագրվում է «Հարավային հոսքով» տանել: Թուրքիայով պետք է անցնի նաև «Նաբուկոն», այսինքն` Թուրքիան ձեռք է բերում շատ կարևոր նշանակություն, Եվրոպայի վրա գազային ճնշում գործադրելու լուրջ մեխանիզմներ է ստանում, որովհետև երկու գազամուղներն էլ անցնում են Թուրքիայով: Զարմանալի է, որ Եվրոպան դա հաշվի չի առնում, որովհետև այն բարդությունները, որ վերջին տարիներին ստեղծեց Ռուսաստանը Եվրոպայի գազամատակարարման հարցում, բոլոր հիմքերը կան մտածելու, որ Թուրքիան նույնը կարող է անել, թուրքական պաշտոնատարները նման ակնարկներ հրապարակայնորեն արդեն արել են: Ես կարծում եմ, որ Հայաստանը և Վրաստանը համատեղ պետք է լրջորեն մտածեն և քայլեր իրականացնեն, որպեսզի «Նաբուկոն» չանցնի Թուրքիայով: Ակնհայտ է, որ առանց իրանական գազի «Նաբուկոն» անհնար է, սա արդեն թվաբանություն է, ոչ թե քաղաքականություն: Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղը, որ Վրաստանում միանում է այն գազամուղին, որ ծրագրվում է Թուրքմենիայից Ադրբեջանում Կասպից ծովով միացնել գոյություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի հատվածին, գազը Վրաստանից Սև ծովով կհասցնի դեպի Ուկրաինա կամ Ռումինիա: Հաշվի առեք, որ իմ թվարկած երկրները քաղաքական առումով Եվրոպայի համար չեն ստեղծի գազային այնպիսի պրոբլեմներ, որ ստեղծելու է Թուրքիան: Սա նույնպես ռազմավարական համագործակցության մի ոլորտ է, որտեղ Հայաստանը և Վրաստանն ունեն ուղղակի շահեր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարվա ընթացքում Վրաստանը ձեռք է բերել ոչ հուսալի փոխադրամիջոցային երկրի համբավ, Վրաստանն այժմ չունի այն վստահությունը, որ կար մինչև օգոստոսյան պատերազմը:
-Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել էր, որ նույնաբովանդակ փաստաթղթեր ժամանակին առաջարկվել է ստորագրել և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Ռեբերտ Քոչարյանին, սակայն նրանք հրաժարվել են։ Ձեր կարծիքով ինչո՞ւ Սերժ Սարգսյանը համաձայնեց նախապայմաններով այդ փաստաթղթերը ստորագրել:
-Եթե չեմ սխալվում` նախկին արտգործնախարարը նաև ասել է, թե չի հասկանում` ինչո՞ւ են իշխանությունները գնացել նման քայլի: Պատասխանեմ` որովհետև այս իշխանությունները մարտի 1-ին ունեցել են Վարդան Օսկանյան արտգործնախարար, որը ոչ միայն պաշտպանել է մարտի 1-ի սպանդը, այլև հանդես եկել իբրև դրա քաղաքական դատապաշտպան: Արտգործնախարար, որ մարտին իրականացվող քաղաքական հետապնդումներն ու քաղաքական գործիչների ձերբակալությունները նույնպես պաշտպանել է: Ընդհանրապես թե՛ հայ-թուրքական զարգացումներում, թե՛ Լեռնային Ղարաբաղում ընթացող ոչ ձեռնտու գործընթացներն անցյալ տարվա փետրվարի 19-ի ու մարտի 1-ի արդյունքն են: Լավ կլիներ` այս պարզ ճշմարտությունները պարոն Օսկանյանը հասկանար և կեղծ տեղեկություններ չտարածեր, որ 1997-ին Լեռնային Ղարաբաղը դուրս է մնացել բանակցություններից: Իր և Ռոբերտ Քոչարյանի ուղղակի ջանքերով է դա եղել։ Հիշեցնեմ` որպես կողմ 1998-ին Ղարաբաղին պաշտոնապես ներկայացված է եղել ընդհանուր պետության առաջարկը: Սա է իրականությունը։ Բացի այդ, կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ, պատճառը, թե ինչու է ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հարցը հայտնվել Թուրքիայի արտաքին քաղաքականության կիզակետում, նույնպես Օսկանյանի և Քոչարյանի ջանքերի շնորհիվ է եղել. նրանք 1998-ին Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ դարձրին ցեղասպանության միջազգային ճանաչումը: Եթե պարոն Օսկանյանը մեղավոր է փնտրում, թող նայի հայելու մեջ: Մադրիդյան սկզբունքների հիմնադիրները նույնպես նրանք են։ Ներկա իշխանությունն ընդամենը ժառանգորդ է, որ ավելի վատթարացրեց իրավիճակը, քանի որ Քոչարյանի և Օսկանյանի ակտիվ մասնակցությամբ ունեցել էր փետրվարի 19-ի ընտրություններ և մարտի 1-ի սպանդ ու քաղաքական հետապնդումներ: Իհարկե, ներքին լեգիտիմություն չունեցող նախագահը չէր կարող ընդդիմանալ, ներքին լեգիտիմության իսպառ բացակայությունը փորձ է արվում լրացնել բացառապես արտաքին լեգիտիմությամբ:
-Ի՞նչ եք կարծում` արդյունք կտա՞ն նախագահի հրավիրած քաղաքական քննարկումները, և կընդունվե՞ն ՀՅԴ-ի առաջարկությունները:
-Հերթական անլուրջ, ոչ քաղաքական քննարկումներն են, որ անցկացվում են այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները քաղաքական ուժերի հետ քննարկումներ սկսեցին: Քաղաքական բովանդակություն բացարձակապես չեմ ակնկալում այս քննարկումներում, մի անգամ էլ գործող ֆորմատով «ադաբրյամս»-ի հնարավորություն է տրվում: Արձանագրությունների մեջ փոփոխություն անելն ուղղակի անլուրջ է: Ընդհանրապես ՀՅԴ-ի գործունեությունը գնահատեք` հաշվի առնելով, որ դրանք բացառապես ներիշխանական գործընթացներ են: ՀՅԴ-ն, շատ լավ իմանալով, որ իրեն չի սպառնում նույնիսկ փափուկ ընդդիմության պիտակ ունենալը, նման գործընթացներով փորձում է խուսափել այն պատասխանատվությունից, որ ինքը որպես կուսակցություն ունի թե՛ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի, թե՛ ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Ամեն ինչ հայտնի էր ավելի քան մեկ տարի առաջ. 2008-ի հունիսին Սերժ Սարգսյանը հայտարարեց որ պատմաբանների հանձնաժողով է պատրաստ ստեղծել, ինչն ընդամենը պատասխանատվությունից խուսափելու փորձ է: Չմոռանանք, որ դաշնակցությունը նման փորձ ունի` ցեղասպանության ճանաչման հարցով ամբողջ գործընթացը մի քանի տասնյակ տարի ՀՅԴ-ի հիմնական նպատակն է և նպատակաուղղված է այն խնդրին, որ ՀՅԴ-ն փորձի խուսափել կամ քողարկել իր մեղքը և պատասխանատվությունը` 1915 թվի ցեղասպանության հարցում:
-Բացառու՞մ եք փոփոխությունները փաստաթղթում:
-ՀՅԴ-ն կարող է ինչ-որ փոփոխություններ առաջարկել Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանն էլ կարող է ընդունել այդ արձանագրությունները, բայց այդ դեպքում պիտի երկուսով էլ ստորագրեն, և դրանք կլինեն ոչ թե Հայաստան-Թուրքիա, այլ ՀՅԴ-Սերժ Սարգսյան արձանագրություններ:
-Արձանագրություններում հիմք տեսնո՞ւմ եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը որպես նախապայման կարող է առաջարկվել:
-Միայն այն փաստը, որ արձանագրությունները խորհրդարանները պետք է վավերացնեն, ամենածանրակշիռ հիմքն է: Պատմաբանների ենթահանձնաժողովի վերաբերյալ կետն անընդունելի է, իսկ խորհրդարանի վավերացումը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է, որ պատասխանատվությունը կիսի խորհրդարանի հետ:
-Կարծում եք` «կողմ ըլլալով դեմ ըլլալու» շարքից ՀՅԴ-ի հերթական շոո՞ւն են հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ կազմակերպվող միջոցառումները և նպատակ ունեն կուսակցության վարկանիշը բարձրացնե՞լ:
-Ոչ, նրանք ընդամենը փորձում են ասել, որ իրենք մեղավոր չեն այդ ամենի ինչի մեջ, չնայած կրում են անմիջական պատասխանատվություն, նրանք իշխանության կոռուպցիոն համակարգի մեջ են եղել և մինչև հիմա էլ իշխանության մաս են: Ուղղակի ներիշխանական խաղեր են:
-Մարտի 1-ի հանձնաժողովի զեկույցի Ձեր գնահատականը:
-Հանձնաժողովի զեկույցն ապացուցեց, որ հանձնաժողովն ուներ մեկ նպատակ` քողարկել մարտի 1-ին իշխանությունների կազմակերպած և անձամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարված սպանդը: Մենք ստանցանք սրա փայլուն ապացույցը: Վստահ եղեք` եթե Ռոբերտ Քոչարյանը չիմանար, որ կան նման մարդիկ` նիկոյաններ, զորիբալայաններ, մանուկյաններ, նման սպանդ չէր անի: Նիկոյանի հանձնաժողովը մարդասպանների հետ ամբողջությամբ կիսեց պատասխանատվությունը: Իրավաբանորեն փաստաթուղթ չկա, քաղաքական իրականությունից կտրված, հանցագործներին պաշտպանող թղթի կտոր է հանձնաժողովի զեկույցը:
-Ինչպե՞ս եք մեկնաբանում «Ժառանգության» հետ տեղի ունեցածը:
-Չեմ կարծում, որ դա այդքան մեծ հարց է, ընդամենը կուսակցության ներսում ինչ-որ գործընթացներ են գնում: ՀԱԿ-ը քաղաքական ուժերին գնահատում է իրենց գործելակերպով` կլինե՞ն ընդհանուր նպատակներ, կպայքարե՞ն իշխանության դեմ, կհամարե՞ն, որ Հայաստանում ոչ մի խնդիր չի կարող լուծվել, ոչ մի խնդիր` սոցիալական, տնտեսական, արտաքին քաղաքական, հայ-թուրքական, Լեռնային Ղարաբաղի, քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացվել, և չկա ժողովրդի կողմից ընտրված իշխանություն, շատ լավ է, մենք կողջունենք ցանկացած քաղաքական ուժի նման մոտեցումը: Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունեցել ու տեղի է ունենում «Ժառանգությունում», ես կարծում եմ` համագործակցության բավականին լայն եզրեր կան երկու թևերի հետ էլ:
Պատրաստեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ